Ծննդաբերությունը կնոջ կյանքի ամենապատասխանատու և ամենագեղեցիկ իրադարձությունն է, որով և սկիզբ է դրվում նոր կյանքի։
Հակիրճ ներկայացնում ենք ծննդաբերության ընթացքի և փուլերի մասին,որպեսզի կինն արդեն ծննդատուն գա ոչ թե վախերով,այլ ինֆորմացված և գրագետ գիտելիքներով և սիրով մասնակից դառնա իր ծննդաբերության ընթացքին։
Ծննդաբերության ողջ ընթացքը բաժանվում է 3 շրջանների՝
1-ին շրջանը կծկանքների շրջանն է։
Կծկանքները արգանդի մկանային շերտի կանոնավոր ձգումներն են,որոնց արանքում լինում են նաև դադարներ: Կծկանքների ժամանակ արգանդի պարանոցը բացվում է:
Այս շրջանը ամենաերկարն է և պահանջում է լցվել համբերությամբ։ Տևողությունը առաջնածինների մոտ մի փոքր ավելի երկար է քան կրկնածինների մոտ, ինչպես նաև կախված է օրգանիզմի ինդիվիդուալ հնարավորություններից:
Այս փուլում ճիշտ շնչառության և ճիշտ տրամադրվածության պարագայում ցավերն ավելի մեղմ և տանելի են լինում: Սա համարվում է բնական ցավազրկում:
2-րդ շրջանը ճիգերի շրջանն է։
Ճիգերը սկսվում են արգանդի պարանոցի լրիվ բացումից հետո,որի ժամանակ կծկանքներին միանում են նաև որովայնի առաջային պատի մկանները և պտուղը դուրս է գալիս արգանդից՝ անցնելով կոնքի հաթակներով:
Այս փուլի տևողությունը ավելի կարճ է և ևս կախված է կնոջ օրգանիզմի առանձնահատկություններից: Ճիգերի վերջում բալիկը լույս աշխարհ է գալիս և կինը կարող է տեսնել իր հրաշքին։ Տեղի է ունենում առաջին մաշկը մաշկին հպումն ու նորածնի առաջին կրծքով կերակրումը:
3-րդ շրջանը կոչվում է ընկերքային շրջան։
Այս շրջանում ընկերքն արտամղվում է արգանդի խոռոչից: Այս շրջանն ամենակարճ և անցավ շրջանն է,որից հետո բժիշկը ստուգում է ընկերքի ամբողջականությունը և փափուկ ծննդաբերական ուղիները:
Ծննդաբերությունից հետո ,առաջին 2 ժամը,որը կոչվում է վաղ հետծննդյան շրջան, կինը գտնվում է ծնարանում և բժշկի անմիջական հսկողության տակ, որից հետո տեղափոխվում է պալատ՝ նորածնի հետ միասին:
Այսքանով ավարտվում է ծննդաբերությունը և սկսվում է նոր կյանքը
ԷԴԵՄ բժշկական կենտրոնի մասնագետների առաքելությունն է օգնել Ձեզ ճիշտ և հնարավորինս հեշտ հաղթահարել այս կարևոր փուլերը։